Սկիզբ / Սփյուռք / Վարչապետը հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին

Վարչապետը հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել վիրահայերին ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախ է նրանց տեսնել բարձր տրամադրությամբ:

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Խոջիվանք» պանթեոն, որտեղ ծաղիկներ է դրել Հովհաննես Թումանյանի, Րաֆֆու և Գաբրիել Սունդուկյանի շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:

Ինչպես տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը, այնուհետև վարչապետն ուղևորվել է Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցի, որտեղ վարչապետին դիմավորել են Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Վրաստանի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանը եկեղեցու բակում ծաղիկներ է դրել Սայաթ-Նովայի շիրիմին և կատարել մոմավառություն: Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մատուցել է փառաբանական աղոթք և վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարությանը մաղթել ուժ ու կորով: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել վիրահայերին ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախ է նրանց տեսնել բարձր տրամադրությամբ: 

«Այն հաղթանակը, որ ժողովուրդն արձանագրեց Երևանում նաև ձերն է, դուք այդ հաղթանակի լիարժեք կրողն ու շահառուն եք, որովհետև այն տեղի է ունեցել ձեր հայրենիքում: Մենք զգացել ենք ձեր աջակցությունը և զորակցությունը, ձեր հղած բարի ցանկությունները հասել են տեղ՝ Հանրապետության հրապարակ, և այսօր այն համազգային ոգևորությունը, որ տիրում է հայ ժողովրդի շրջանում, այն կերտել է ձեզնից յուրաքանչյուրն իր մտքով, իր ցանկությամբ, իր կամքով, իր սիրո և համերաշխության զգացումով: Հեղափոխությունը, որ տեղի է ունեցել Երևանում՝ մենք անվանում ենք սիրո և համերաշխության հեղափոխություն, և ես այսօր այստեղ եմ եկել սիրո և համերաշխության ուղերձով: Ուզում եմ ասել ձեզ, որ սիրում եմ բոլորիդ, բոլորիդ միասին և յուրաքանչյուրիդ առանձին: Ես հպարտանում եմ ձեզնով, հպարտանում եմ՝ ձեր կամքով, հպարտանում եմ՝ ձեր աչքերի մեջ տեսնելով հայ լինելու հպարտությունը, հպարտանում եմ՝ տեսնելով Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները, հպարտանում եմ՝ համոզված լինելով, որ մեր երկրների հարաբերությունները գնալով ավելի ու ավելի են խորանալու ու ամրապնդվելու և հայերն իրենց ավելի լավ են զգալու Վրաստանում, իսկ վրացիները՝ Հայաստանում:

Այսօր ամենաբարձր արժեքը, որ ունեն հայ և վրացի ժողովուրդները՝ պետականությունն է և անկախությունը, մենք պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը, պաշտպանելու ենք սեփական հայրենիքն ու երջանիկ լինելու մեր ժողովրդի իրավունքը: Այսօր շատ են ասում, ցանկանում, մի փոքր էլ կասկածով հույս հայտնում, որ այս ամենը կբերի նոր հաջողությունների, մաղթում են, որ հիասթափություն տեղի չունենա: Չի կարող լինել հիասթափություն, որովհետև մենք ծառայել ենք, ծառայում ենք և ծառայելու ենք հայ ժողովրդին: Ես ասել եմ ու ասում եմ՝ մեր ամենամեծ առաքելությունը հող դառնալն է մեր ժողովրդի ոտքերի տակ, որ նրանք ամուր կանգնեն մեզ վրա և տանեն նորանոր հաղթանակներ: Հայ ժողովուրդն այլևս երբեք չի պարտվելու, որովհետև հայ ժողովուրդը հաղթանակի ժողովուրդ է, հայ ժողովուրդը հպարտության ժողովուրդ է, հայ ժողովուրդն Աստծո ժողովուրդ է: Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Վրաստանը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայ-վրացական եղբայրությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ դառնալու ենք 5, 10 միլիոն»,- նշել է վարչապետ Փաշինյանը: 



Աղբյուրը: Վարչապետը հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Այս աղքատության պայմաններում ուրիշ ավելի կարեւոր գործ չկա՞, քան բարեգործներին շրջանակի մեջ դնելը. Գեւորգ Պետրոսյան

Ընդդիմադիր ուժերը բողոքում էին, որ սուպերվարչապետական պետություն չստեղծվի, հիմա ինչ-որ բա՞ն է փոխվել, ու պարզվում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով