Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի շնորհավորանքը՝ կանանց միջազգային օրվա առթիվ

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի շնորհավորանքը՝ կանանց միջազգային օրվա առթիվ

Հարգելի´ մայրեր, տիկնայք, քույրեր եւ աղջիկներ
Էջմիածնի քաղաքային համայնքի ավագանու եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` գարնանային այս պայծառ տոնի` Մարտի 8-ի կապակցությամբ: 
Հայ կնոջը բացառիկ առաքելություն է վերապահված եղել մեր ժողովրդի ամբողջ պատմության ընթացքում: Նա է եղել մեր ընտանիքը, մեր ազգային ավանդույթներն ու լեզուն պահող-պահպանողը: Ճակատագիրն, ավա՜ղ, միշտ չէ, որ բարեհաճ է եղել հայ կնոջ նկատմամբ: Նա հաճախ է ստիպված եղել բախվել դաժան փորձությունների, տանել անասելի զրկանքներ, բայց մշտապես կարողացել է հաղթահարել դրանք` պահպանելով իր լավատեսությունը ապագայի նկատմամբ: Դարերի ընթացքում անցնելով նման փորձությունների միջով` հայ կինը ոչ միայն չչարացավ, այլ, ընդհակառակը, դարձավ ավելի բարի, ավելի գթասիրտ, առավել նուրբ ու կանացի:
Ահա թե ում արժանավոր ժառանգությունն եք Դուք, սիրելի´ կանայք: Այսօր էլ Դուք ոչ միայն Ձեր ամուսինների ու եղբայրների հետ հավասարապես Ձեր փխրուն ուսերի վրա եք վերցրել Ձեր ընտանիքին բաժին հասած հոգսերն ու դժվարությունները, այլեւ հասցնում եք պատվով կատարել Ձեր գլխավոր առաքելությունը` երեխաների կրթության ու դաստիարակության գործը:
Այս գեղեցիկ տոնի առթիվ առանձնահատուկ շնորհավորանքներս եմ հղում զինված ուժերում ծառայող, հատկապե´ս սահմանները հսկող մեր քաջարի տղաների մայրերին, քույրերին ու սիրելի էակներին, որոնց հայացքները, հասկանալի է, մշտապես նրանց տունդարձի ճանապարհին է: Անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ բոլորիդ, սիրելի´ տղաներ, որպեսզի ամբողջական ու լիարժեք դառնա Ձեր հարազատների երջանկությունը:
Կրկին սրտաբուխ ու անկեղծ շնորհավորանքներս Ձեզ, սիրելի´ կանայք: Թող սերն ու երջանկությունը անսահման լինի Ձեր մեջ, Ձեր շուրջ ու ձեր ընտանիքներում:
Հարգանքներով`
Էջմիածնի քաղաքապետ` Կ. Գրիգորյան



Աղբյուրը: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի շնորհավորանքը՝ կանանց միջազգային օրվա առթիվ

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Էջմիածնի քաղաքապետը շարունակելու է կատարել քաղաքապետի լիազորությունները.Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյան

«Պատրաստ ենք ընդունել բոլորին, զրուցել, հասկանալ»,- այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Էջմիածնի քաղաքապետ Կարեն …