Սկիզբ / Հասարակություն / Եթե Սերժ Սարգսյանին հեռացնելու օրակարգ է առաջարկվում և համաձայնողներ կան, չմիանալը սխալ է

Եթե Սերժ Սարգսյանին հեռացնելու օրակարգ է առաջարկվում և համաձայնողներ կան, չմիանալը սխալ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայկական վերածնունդ»-ի Լոս Անջելեսի մասնաճյուղի պատասխանատու, ծրագրավորող Գուրգեն Մխիթարյանը։

-Նույն օրակարգով Լոս Անջելեսում, Փարիզում և Երևանում բողոքի ակցիաներ են տեղի ունենալու՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։ Ընդհանրապես ի՞նչ ակնկալիք ունեք։ Շատերը նշում են, որ առհասարակ, Սփյուռքն իրավունք չունի խառնվելու Հայաստանի ներքաղաքական հարցերին։ Դուք ինչպե՞ս եք գնահատում նման պնդումները։

-Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, և բոլոր հայերը պարտավորություն ունեն իրենց հայրենիքի առջև։ Եթե ասում են՝ մի խառնվեք Հայաստանի գործերին, դրանով հայերին բաժանում են առաջին կարգի և երկրորդ կարգի հայերի, ինչն անընդունելի է։ Պարզ է, որ Հայաստանում ապրողի համար ամեն ինչ այլ ձև է, Սփյուռքում ապրողի համար՝ այլ, բայց բոլորն էլ պարտավորություններ ունեն Հայաստանի առջև և պետք է աշխատեն այդ ուղղությամբ։

-Պարոն Մխիթարյան, իսկ ինչո՞ւ այս տարիների ընթացքում ընդդիմությանը չի հաջողվում հաջողության հասնել։ Պատճառը, ըստ ձեզ, պառակտված լինե՞լն է, պայքարը տարբեր կերպ պատկերացնե՞լը։

-Պառակտումը գալիս է նրանից, որ բոլորն ասում են՝ եկեք միացեք մեզ, ոչ ոք քայլ չի անում միանալու, բոլորը հրավիրում են, ընդառաջ չեն գնում։ Անվերջ կարելի է շարունակել դա, ու այդ դեպքում հարցը տարիներով չի լուծվի։ Ինչ-որ պահի մարդիկ պետք է հասկանան, որ դա չի աշխատում, դրանով ոչ ոք ոչ մեկին չի միանում։

-Տեսակետ կա, որ քանի դեռ սփյուռքահայերը չեն եկել ու չեն կանգնել այստեղ պայքարի առաջին շարքերում, իրավունք չունեն խառնվելու Հայաստանի ներքաղաքական պայքարին։

-Նման հասարակական կարծիքը ձևավորել են նրա համար, որ եթե Հայաստանում ապրողները պայքարեն, իշխանությունն ունի ոստիկանություն և ԱԱԾ, որոնք կճնշեն որևէ պայքար կամ ներքին ընվզում։ Նրանք վախենում են անկախ սփյուռքահայերից, որոնք չեն ենթարկվում իրենց այդ համակարգին։ Դա է պատճառը, այլ պատճառ չկա։ Ես հանրաքվեի օրերին եղել են Ազատության հրապարակում և տեսել եմ, որ ամեն մի քաղաքացու դիմաց երեք ոստիկան էր կանգնած։ Նրանք դա հասկանալով, ասում են՝ եկեք այստեղ կանգնեք, որովհետև մենք ձեր դիմաց երեք ոստիկան ունենք կանգնած, մենք կարող ենք ձեզ կառավարել, ծեծել, ջարդել, մտնել ձեր տուն ու ավերել Սարի թաղի նման։ Իսկ արտասահմանում մենք չենք կարող ձեզ հասնել, չենք կարող ճնշել, ուրեմն մի խառնվեք մեր գործերին։ Իսկ ես կարծում եմ՝ ճիշտ հակառակը, սփյուռքահայերը շատ մեծ անելիք ունեն հենց այս պահին, հենց իմ նշած պատճառներով, որ Հայաստանում ամեն պայքարողի դիմաց երեք ոստիկան է կանգնած, իսկ սփյուռքահայերն այդ խնդիրը չունեն և պարտավոր են ավելի ակտիվ և ավելի շատ խառնվելու Հայաստանի գործերին։

-Իսկ Լոս Անջելեսի հայկական համայնքի շրջանակում որքա՞ն է այդ ակտիվությունը, արդյո՞ք հայ համայնքից շատերն են մասնակցում ակցիաներին, թե՞ կա հուսահատություն։

-Ցույցերին մասնակցում են որոշ քանակության մարդիկ, քանակն այստեղ որոշիչ չէ, որովհետև մենք սկսել ենք զրոյից։ Առաջ զրո էինք, իսկ հիմա այդ ցույցերին որոշ քանակ կա։ Հույս ունենք մեծ թվերի հասնել ապագայում։ Հուսահատությունը նրանումն է, որ մարդկանց զանգում ասում ես՝ եկեք, մասնակցեք հանրահավաքների, իսկ նրանք պատասխանում են, որ բռնապետին միայն ուժով կարելի է հեռացնել, հանրահավաքներով դա չեք կարող անել, դրա համար չենք գալիս։

-Այսինքն՝ համայնքում արմատական տրամադրություններն ավելի շա՞տ են։

-Անչափ շատ են, համարյա բոլորն են դրա մասին խոսում։

-Դուք ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը ինչպե՞ս եք տեսնում։ Հիմա, օրինակ, շատ է խոսվում, որ պետք է ամեն ինչ անել՝ թույլ չտալու, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա։ Կարծում եք՝ այդ օրակարգի շուրջ հնարավո՞ր է համախմբվել և Սերժ Սարգսյանին չթողնել վերարտադրվի։

-Անձամբ ինձ համար կարևոր չեն Սերժ Սարգսյանի գործողությունները։ Նա ինքն իր քրեաօլիգարխիկ ռեժիմով իրենց ընտանիքների համար, իրենց եկամտի համար իրենց անձնական հարցերն են լուծում։ Սերժ Սարգսյանի արածները ոչ մի կապ չունեն Հայաստանի օրակարգի հետ։ Հայաստանի օրակարգի հարցը մեկն է՝ հայ ժողովրդին բացատրել, որ 10 տարվա ընթացքում այնպիսի անհաջողություններ, ինչպիսիք Սերժ Սարգսյանն է գրանցել, դժվար թե ուրիշ տեղ գտնես։ Նման մարդը ոչ միայն իրավունք չունի նույնիսկ մեկ օր մնալ պաշտոնի, նա նույնիսկ կասկածվում է հանցագործությունների մեջ։ Դրա մասին ոչ ոք պարզ ու շիտակ չի խոսում։ Չեն ասում, որ Գերագույն գլխավոր հրամանատար լինելով, նախագահ լինելով, որը պատասխանատվություն է կրում Հայաստանի սահմանների անձեռնմխելիության համար, կարող է հայտարարել, որ Հայաստանն ունի անպետք հողեր ու ոչինչ, որ սահմանը խախտվում է։ Նման հայտարարություն որևէ երկրում կբերեր քրեական հետապնդման նման նախագահի նկատմամբ։ Նա ի պաշտոնե գլխով է պատասխանատու սահմանների անձեռնմխելիության համար։ Նա կասկածվում է հանցագործության մեջ, բայց քանի որ Հայաստանում ամեն մի պայքարողի դիմաց երեք ոստիկան է կանգնած և ԱԱԾ, որոնք զբաղված են միայն Սերժ Սարգսյանի անձը պաշտպանելով, չի ստացվի ոչ մի բան։ Դրա համար մենք օրակարգը պետք է շարունակենք այնպես, որ բոլորը հասկանան, որ այս մարդը բռնակալ է։ Երբ որ ժողովրդի գլուխը մտնի, որ նա բռնակալ է, նաև կհասկանա, թե բռնակալին ինչպես են հեռացնում։ Արդեն կդադարեն խնդրել, պաղատել, որ Սերժ Սարգսյանը խելքը գլուխը հավաքի։ Մարդը խելքը գլուխը չի հավաքելու, որովհետև այն մարդը, որը հայտարարում է, որ Հայաստանն ունի անպետք հողեր, անհույս մարդ է։ Հենց որ ժողովուրդը դա հասկացավ, անկախ նրանից, Սերժ Սարգսյանը դարձել է վարչապետ, թե ոչ, 5 օր կամ 6 ամիս է վարչապետ, նրան կհեռացնի։

-Դուք հիմա ժողովրդի գիտակցության վրա եք հույսը դնում, սակայն մենք տեսնում ենք, որ ընդարձակ համաձայնություն եղավ ՀՀ նախագահի թեկնածուի շուրջ, վարչապետի դեպքում ևս, ըստ ամենայնի, կլինի նման համաձայնություն և, ըստ ամենայնի, ներսում ընդվզում չի լինի։ Հիմա դուք դրսում պայքարն արդյունավետ համարո՞ւմ եք այս կարճ ժամանակում, եթե բոլոր քաղաքական ուժերը միանան։

-Եթե օրակարգ է առաջարկվում և համաձայնողներ կան, չմիանալը սխալ է։ Ես արդեն մի քանի կողմից եմ լսում նույն բանը, որ եթե այս հարցում համաձայն ենք, պետք է համագործակցենք։ Անպայման համագործակցել է պետք։ Երբ որ գաղափարական տարբերություններ են ուզում նշել, ես ուզում եմ ասել, որ այդ տարբերությունները հետաքրքիր են միայն ընտրությունների ժամանակ։ Հիմա ոչ մի ընտրություն չկա, ուստի շատ հանգիստ կարող են մեկ հարցի շուրջ հավաքվել և հարցը լուծել։ Դրանից հետո, երբ ժամանակավոր կառավարություն կլինի, և ժամանակ կլինի նոր ընտրություններ կազմակերպելու, խնդրեմ, թող այդ ժամանակ գաղափարական պայքար սկսեն։ Բայց հիմա բոլորը պարզ հասկանում են, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը վնասում է Հայաստանին, հետևաբար, անկախ իրենց գաղափարների տարբերությունից, միասին պետք է գործեն։ Որովհետև դիմացը կանգնած է բռնապետություն, որը զինված է ոստիկանության ու ԱԱԾ-ի միջոցով, զինված է անսահման ֆինանսական միջոցներով, իրենց թալանածով, որը ազնիվ մարդը չի կարող ունենալ։ Դրա համար քանի որ պայքարողների գործը դժվար է, նրանք պետք է ուրիշ բանի վրա հույսը դնեն։ Նրանք պետք է միասնական, ամուր շարքեր ստեղծեն ու հենված լինեն ժողովրդի վրա, որովհետև ժողովուրդը տեսավ, որ ՀՀԿ-ն ոչ մի հենարան չունի, ժողովուրդը չի պաշտպանում նրանց։ Ես հանրաքվեի ժամանակ շատ պարզ տեսա, որ բոլորը ՀՀԿ-ին դեմ են։ Ես այդ ժամանակ անձամբ եմ հարցումներ կատարել, և դա արել եմ Ազատության հրապարակից շատ հեռու։ Ես տեսա, որ 100-ից մեկն էր կողմ հանրաքվեին։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես են նրանք նկարում այդ թվերը, որի մեխանիզմները բոլորին հայտնի են։ Ընդդիմությունը, հաշվի առնելով դիմացը կանգնած բռնապետությունը, պետք է հասկանա, որ իր ուժը իրար հետ համագործակցելու և միասնական լինելու մեջ է։ Իհարկե, նրանք շատ կամաց են գալիս, որովհետև ամեն մեկը կարծում է, որ ինքն է ամենից լավը, բայց կարծում եմ, որ արդեն նշանները կան հասկանալու, որ բոլորը պետք է առաջ քայլեն և իրար ընդառաջ քայլեն։ Ոչ թե պետք է նստեն, հայտարարեն՝ եկեք, մեզ միացեք, այլ պետք է իրար ընդառաջ քայլ անեն։

  • Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան
  • Աղբյուր՝ http://www.1in.am/2311923.html



Աղբյուրը: Եթե Սերժ Սարգսյանին հեռացնելու օրակարգ է առաջարկվում և համաձայնողներ կան, չմիանալը սխալ է

Մասին Armenian Renaissance - Los Angeles Chapter

Կարդացեք նաև

Պիպոն ձերբակալված է. հաջորդը պետք է դառնա Արտակ Սերգոյանը

Մինչ ԱԱԾ-ն Էջմիածնում զբաղված է հատուկ գործողություններ իրականացնելով՝ մի կարևոր խնդրի վրա պետք է հրավիրենք …