Կիրակի , Դեկտեմբերի 17 2017
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Կայացել է Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարների հանդիպումը

Կայացել է Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարների հանդիպումը

Նոյեմբերի 28-ի առավոտյան պատվիրակությունը հյուրընկալվել է Բելառուսի պաշտպանության նախարարությունում։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել են հայ-բելառուսական բանակցությունները։

Ողջունելով հյուրերին, Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցը խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Ըստ Անդրեյ Ռավկովի՝ հայ-բելառուսական հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, հարգանքի և ժողովուրդների միջև անխախտ բարեկամության վրա։ Իսկ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում կայացման փուլից անցում է կատարում երկարաժամկետ ու փոխշահավետ համագործակցության փուլ։

Բելառուսի պաշտպանության նախարարի համոզմամբ՝ երկու պետությունների փոխգործակցության դրական արդյունքները տեսանելի են մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային։ Անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը նաև պաշտպանական ոլորտում։ Նման այցերն, ըստ գեներալ-լեյտենանտ Ռավկովի, հրաշալի առիթ են պաշտպանական ոլորտում կուտակած փորձի փոխանակման և ապագային միտված ծրագրեր կազմելու համար։

Վիգեն Սարգսյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնելով Բելառուս այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական հարաբերությունները մեծ ներուժ ունեն։ ՀԱՊԿ շրջանակում երկու դաշնակից երկրները փոխադարձ պարտավորություններ ունեն, ինչի դրսևորումը «կառույցի անդամ երկրներից մեկի համար սպառնալիքի դեպքում կառույցի բոլոր անդամների համար սպառնալիքի» սկզբունքի ամրագրումն է։

Վիգեն Սարգսյանը, որպես ՀԱՊԿ շրջանակում արդյունավետ փոխգործակցության վառ վկայություն, գոհունակությամբ նշել է կառույցի ձևաչափով Հայաստանում կայացած վերջին լայնամաշտաբ զորավարժությունները, որոնց ակտիվ մասնակցություն ունեցան նաև Բելառուսի զինված ուժերի ստորաբաժանումները։

Նախարար Սարգսյանը բելառուս գործընկերներին պատմել է Հայաստանի բանակաշինության ներկա փուլի մասին, ներկայացրել զինված ուժերում սկիզբ առած խոշորամաշտաբ բարեփոխումները, զինծառայությանն առնչվող օրենսդրական վերջին նախաձեռնություններն ու «Ազգ-բանակ» հայեցակարգը։

Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում նաև՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև համագործակցության 2018 թվականի ծրագիրը»։

Այնուհետև հայկական պատվիրակությունն այցելել է Մինսկի Հաղթանակի հրապարակ, որտեղ Վիգեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Հաղթանակի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին։



Աղբյուրը: Կայացել է Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարների հանդիպումը

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սերժ Սարգսյանը կայցելի Վրաստան

Դեկտեմբերի վերջին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստան: Առաջիկա այցի մանրամասները …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով