Կիրակի , Հոկտեմբերի 22 2017
Սկիզբ / Հասարակություն / Լավ տղա եմ եղել, տվել են. բնակիչները զրկվել են բնակարաններից

Լավ տղա եմ եղել, տվել են. բնակիչները զրկվել են բնակարաններից

բնակարան

Երեւան քաղաքի Պուշկին եւ Սարյան փողոցների հատման մասում՝ Սարյան փողոցի 19-21 հասցեներում 2007 թվականին կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանների գնորդները մինչ օրս դատական քաշքշուկների մեջ են: Նրանցից մեկը՝ Լաուրա Մարդոյանը, 2009-ին երկու պայմանագիր է կնքել շենքը կառուցապատած «Նարեկ-Դավիթ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Պապոյանի հետ եւ բնակարան ձեռք բերել: Նրան մաս-մաս վճարել է  83 միլիոն դրամ: Առաջին վճարումից հետո Գագիկ Պապոյանը Լաուրա Մարդոյանին է տրամադրել բնակարանի բանալիները եւ պայմանավորվել ամիսներ անց կնքել առքուվաճառքի հիմնական պայմանագիրը եւ տալ բնակարանի սեփականության վկայականը:

Նախնական պայմանագրի կնքումից 5-6 ամիս հետո պետք է կնքվեր հիմնական պայմանագիրը, սակայն Գագիկ Պապոյանը անընդհատ ձգձգել է պայմանագրի կնքման ժամանակահատվածը: Լաուրա Մարդոյանին դա չի անհանգստացրել, քանի որ  չի Պապոյանի հետ լավ հարաբերություններ է ունեցել: Սեփականության վկայական չունենալով` Լաուրա Մարդոյանը բնակարանում վերանորոգման աշխատանքներ է սկսել, փոխել է ջրագծերը: Որոշ ժամանակ հետո ամուսնու հետ տեղափոխվել է Ռուսաստան: 2012-ին լրատվամիջոցներից տեղեկացել է, որ Գագիկ Պապոյանը կալանավորվել է, քանի որ  Երեւանի կենտրոնում իր կառուցապատած բազմաթիվ շենքերի բնակարանները  վաճառել է տարբեր քաղաքացիների եւ միլիոնավոր դոլարներ հափշտակել:  Գագիկ Պապոյանը դատապարտվել է 9 տարի ազատազրկման:

Լաուրա Մարդոյանը, տեղեկանալով Պապոյանի ձերբակալման մասին, վերադարձել է  Երեւան՝ տեսնելու, թե ինչ վիճակում է իր բնակարանը:  Պարզել է, որ  բնակարանի դուռը կոտրել են նոր դուռ տեղադրել: Լաուրա Մարդոյանը դիմել է ոստիկանություն եւ  հետաքննության փուլում տեղեկացել՝ իր  բնակարանի սեփականատերն Անդրանիկ Խալոյանն է:  Նրա դեմ  հարուցված քրեական գործը կարճվել է, քանի որ Անդրանիկ Խալոյանն ունեցել է բնակարանի սեփականության իրավունքի վկայական:

Լաուրա Մարդոյանը դիմել է դատարան, սակայն Գագիկ Պապոյանի դեմ հարուցված քրեական գործի պատճառով  քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է: Այս տարի  երկրորդ անգամ դիմել է դատարան եւ պահանջել է Գագիկ Պապոյանին պարտավորեցնել իր հետ պայմանագիր կնքել: Դատական գործը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Լաուրա Մարդոյանը պահանջում է ճանաչել իր բնակարանի սեփականության իրավունքը  և ընկերությանը պարտավորեցնել իր հետ կնքել առքուվաճառքի հիմնական պայմանագիր, որով կստանա բնակարանի սեփականության վկայականը:

Լաուրա Մարդոյանը հանդիպել է նաև Անդրանիկ Խալոյանի հետ՝ հաշտության եզրեր գտնելու: Սակայն, ինչպես araratnews.am-ի հետ զրույցում մանրամասնեց տիկին Մարդանյանը, Խալոյանն առաջարկել է Լաուրա Մարդոյանին վճարել բնակարանի շուկայական գնի եւ 2009-ին ձեռքբերված բնակարանի գնի տարբերությունը եւ դառնալ սեփականատեր, սակայն Մարդոյանը չի համաձայնել: Հետաքննության ժամանակ Անդրանիկ Խալոյանը, ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս է ձեռքբերել այդքան բնակարան, Լաուրա Մարդոյանի խոսքով, ցինիկ պատասխան է տվել. «Լավ տղա եմ եղել, տվել են: Պարել եմ, տվել են»:

Նույն հասցեի մյուս բնակիչները՝ Սոս Ավետիսյանը, Մարի Կոծինյանը, Տիգրան Չալաբանյանը, կարծում են, որ «մութ»  գործարքների շնորհիվ է Անդրանիկ Խալոյանը եւ նրա հովանավորյալ բանգլադեշցի Համիկը տիրացել բնակարաններին:

Հետաքրքիրն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը 2011-ին, երբ քաղաքապետ է եղել ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը, շինթույլտվություն է տվել Անդրանիկ Խալոյանին շենք կառուցել նույն այն հասցեում, որտեղ արդեն 2007 թվականին շենք է կառուցվել, իսկ սեփականության վկայականը Խալոյանը ձեռք է բերել 2012 թվականին:

Տիրանալով բնակարաններին՝ Անդրանիկ Խալոյանը  բնակարանների գնորդներին վտարելու հայցով դիմել է դատարան: Առաջին ատյանը բավարարել է այն,  սակայն Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բնակիչներից մեկի՝ Սոս Ավետիսյանի բողոքի հիման վրա մարտի 30-ին ամբողջովին բեկանել է առաջին ատյանի որոշումը և գործն ուղարկել նոր դատաքննության: Շաբաթներ առաջ, սակայն, ինչպես տեղեկացրին բնակիչները, Անդրանիկ Խալոյանը հետ է վերցրել վտարման պահանջը: Բնակիչներն էլ հակընդդեմ հայց են ներկայացրել Անդրանիկ Խալոյանի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել նրա սեփականատեր լինելը եւ իրենց վերադարձնել բնակարանները:

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում ժամը 17:00-ին  դատական հերթական նիստը պետք է լիներ դատավոր Արմեն Բեկթաշյանի գլխավորությամբ: Սակայն այն հետաձգվեց, քանի որ դատավորն այդ նույն  մեկ այլ դատական գործ էլ լսում: Բնակիչները վճռական են տրամադրված՝ Հայաստանի 3 դատական ատյաններում հաջողություն չունենալուց հետո դիմելու են ՄԻԵԴ:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 



Աղբյուրը: Լավ տղա եմ եղել, տվել են. բնակիչները զրկվել են բնակարաններից

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է Կենտրոն TV-ի հնաբնակներին

Կենտրոն հեռուստաընկերության անձնակազմը՝ Գագիկ Ծառուկյանի և Ծառուկյանների ընտանիքի գլխավորությամբ երեկ մեծ շուքով տոնել է հեռուստաընկերության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով