Կիրակի , Դեկտեմբերի 17 2017
Սկիզբ / Հասարակություն / Ծխելու արգելք հանրային վայրերում, ծխախոտի վաճառքի սահմանափակում

Ծխելու արգելք հանրային վայրերում, ծխախոտի վաճառքի սահմանափակում

download

Ծխելու արգելք հանրային վայրերում, ծխախոտի վաճառքի սահմանափակում, հանրային իրազեկում. մասնագետները կողմ են ծխելու դեմ պայքարի խստացմանը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը նշեց, որ մարդու առողջության վրա ծխախոտի բացասական ազդեցությունը վաղուց ապացուցված է, և ոչ ոք դա կասկածի չի ենթարկում:

«Ծխախոտի բացասական ազդեցությունը սկսվում է դեռ այն ժամանակ, երբ երեխան մոր արգանդում է: Հետագայում դա արտահայտվում է երեխայի շնչառական ֆունկցիայի վրա: Եթե գործ ունենք հաճախ հիվանդացող երեխայի հետ, ուրեմն հստակ կարող ենք ասել, որ ծխախոտը նրա վրա ազդեցություն է ունեցել: Էլ չասեմ, որ ապացուցված է` ծխախոտն ասթմայի առաջացման պատճառ է, ուռուցքների առաջացմանը նույնպես նպաստում է: Արդյունքում` մարդկանց կյանքն է կրճատվում, աշխատունակությունն է նվազում»,-ասաց Սերգեյ Սարգսյանը: Նա ընդգծեց, որ ծխող մարդկանց թվի ավելացմամբ պայմանավորված պետությունների հանրային առողջության ծախսերն են ավելանում: Այսինքն՝ ծխելը, առողջականից բացի, նաև տնտեսական վատ հետևանք ունի:

Խոսելով վիճակագրության մասին` բժիշկը նշեց, որ 16 տարեկան և բարձր տղամարդկանց 52 տոկոսը ծխող է, իսկ աղջիկների շրջանում այդ թիվը կազմում է 2 տոկոս, սակայն նշվում է, որ այն համարվում է թաքնված ցուցանիշ: Ինչ վերաբերում է 15 տարեկաններին, ապա մասնագետը նշեց, որ, ըստ ուսումնասիրությունների,18 տոկոսը ծխողներ են, որոնց 4 տոկոսը կանոնավոր ծխողներ են: Այս ցուցանիշը նախորդ տարիների համեմատ նվազել է, այն ցածր է համարվում այլ երկրների հետ համեմատությամբ: Այդ տարիքային խմբում ծխողների միջին եվրոպական ցուցանիշը կազմում է 35 տոկոս:

Առողջապահության կազմակերպիչ Արսեն Թորոսյանը կարևոր համարեց Առողջապահության նախարարության նոր նախաձեռնությունը ծխելու դեմ պայքարը խստացնելու ուղղությամբ: Ըստ նրա` կարևոր են վաճառքի սահմանափակումները: Պետք է խստացվի անչափահասներին ծխախոտային որևէ արտադրանք վաճառելը:

«Ինքս եմ ականատես եղել, որ այդ դրույթը ոչ միշտ է օգտագործվում, սակայն պետք է եղածը խստացնել ու հետևողական լինել, պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, եթե վաճառողը կասկած է ունենում գնորդի չափահաս լինելու հարցում: Ընդհանրապես, այնպիսի աշխատանք պետք է արվի, որ ծխախոտ գնելը լինի ամոթի նման մի բան»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Նա կարևոր համարեց ընդհանուր վաճառասրահներում ծխախոտի վաճառքն արգելելը: Հիվանդանոցներում, մշակութային կենտրոններում, մարզական համալիրներում գտնվող խանութներում ծխախոտ չպետք է վաճառվի: Խանութներում էլ աչք ծակող գովազդային պաստառները պետք է արգելվեն: Բացի այդ, Արսեն Թորոսյանը գտնում է, որ ծխախոտի գինը պետք է բարձրացնել:

«Ծխախոտը պետք է լինի դժվար հասանելի: Դեռահաս, թե չափահաս՝ պետք է ազդի ծխախոտ գնողի գրպանի պարունակության վրա: Լսում ենք, շատերն ասում են, թե ինչու եք թանկացնում, այս փող չունեցող ժողովուրդը ոչինչ չի հասցնում… Այո, պետք է թանկացնել, որ փող չունեցող ժողովուրդը չգնի ծխախոտ, այլ գնի պետքական իրեր»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Նա կարևորեց նաև հանրային վայրերում ծխելու սահմանափակումները, տուգանքների չափը բարձրացնելը: Ի պատասխան լրագրողների այն դիտարկմանը, թե վերահսկողությունը լիարժեք չի արվելու, թերացումներ են լինելու, Արսեն Թորոսյանը նշեց, որ դա պարզապես օրենքը չխստացնելու պատրվակ է:



Աղբյուրը: Ծխելու արգելք հանրային վայրերում, ծխախոտի վաճառքի սահմանափակում

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 18.4%-ով

Արցախ. Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 18.4%-ով Արցախում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2016 թվականի նույն …