Կիրակի , Դեկտեմբերի 17 2017
Սկիզբ / Հասարակություն / Հայաստան-Սփյուռք համաժողովը ոչ մի խնդիր չի լուծելու՝ բացի ՀՀԿ-ի իշխանությունը երկարացնելուց. Շանթ Ոսկերիչյան

Հայաստան-Սփյուռք համաժողովը ոչ մի խնդիր չի լուծելու՝ բացի ՀՀԿ-ի իշխանությունը երկարացնելուց. Շանթ Ոսկերիչյան

Սփյուռքի «Հայկական վերածնունդ» կազմակերպությունը ուղերձ է հղել Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներին, որտեղ համաժողովի օրակարգը համարվել է կեղծ, իսկ «փոխադարձ վստահություն» կարգախոսը՝ հեգնական:

«Արժևորելով և բարձր գնահատելով Հայաստան-Սփյուռք անքակտելի կապը՝ «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը ահազանգում է. Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթած ռեժիմը Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովի կազմակերպմամբ կրկին անգամ նենգափոխում և չարաշահում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Ռեժիմը ոչ միայն չի բավարարվում Սփյուռքի ռեսուրսները խաբեությամբ մսխելով, այլ նաև ամեն գնով աշխատում է ստեղծել պատրանք, որ իբր Սփյուռքը սատարում է իր գործունեությունը»,- ասված է ուղերձում:

«Հայկական վերածնունդ» կազմակերպության Փարիզի կառույցի ղեկավար Շանթ Ոսկերիչյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ուղերձը հղված է նաև իրենց կառույցի անունից, իրենք ևս կիսում են մոտեցումը, որ համաժողովի օրակարգը կեղծ է, և այդ համաժողովով ընդամենը փորձ է արվում լեգիտիմացնել Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանություններին:

«Մենք գիտենք, որ Հայաստանի ներկա իշխանությունը լեգիտիմ չէ՝ չունի ժողովրդի քվեն, Սփյուռքն էլ իր վստահությունը չի տվել, ըստ այդմ՝ այդ համաժողովը նպատակ ունի նախ՝ փորձելու լեգիտիմացնել իշխանությունը և Սփյուռքն օգտագործելու որպես ֆինանսական ռեսուրս՝ թույլ չտալով մասնակից լինել քաղաքական կյանքին»,- ասաց Ոսկերչյանը՝ հավելելով. «Օրակարգի քննարկումից առաջ նախ պետք է հաշվի առնենք, թե ովքեր են մասնակցում համաժողովին, կա՞ն արդյոք ընդդիմադիր կեցվածք ունեցող մարդիկ, թե՞ ոչ: Եթե չկան՝ օրակարգը լինելու է ՀՀԿ-ական, և որևէ լուրջ քննարկում չի լինելու: Իսկ եթե կան, նման մարդիկ պարտավոր են բարձրաձայնել սփյուռքահայերի իրավունքների ոտնահարման փաստի մասին, որ մեր հայրենակիցների մուտքն արգելվում է Հայաստան (իհարկե՝ ոչ պաշտոնական), որ այսօրվա դրությամբ բերդում են գտնվում երկու հայրենասեր սփյուռքահայեր՝ Ժիրայր Սեֆիլյանը և Կարո Եղնուկյանը: Սա որպես օրակարգ թող քննարկեն, քանի որ վերը նշված մարդկանց՝ կալանավայրում գտնվելն արդեն իսկ խոսում է իշխանություն և Սփյուռք հարաբերությունների մասին»:

Շանթ Ոսկերիչյանի խոսքով՝ կարևոր չէ, թե ինչ կարգախոս կընտրվեր համաժողովի համար, կարևոր է այն իրականությունը, որը առկա է այսօր Հայաստանում. «Հայաստանն այսօր բռնատիրական երկիր է, ի՞նչ կփոխի կարգախոսն այն դեպքում, երբ ամեն ընդդիմախոս գտնվում է կա՛մ բանտում, կա՛մ խիստ հսկողության տակ, իսկ Սփյուռքում ակտիվ ընդդիմադիրներին սպառնում է ոստիկանությունը: Համոզված եմ, որ մարդիկ, ովքեր ներկա են գտնվելու համաժողովին, տեղյակ չեն Հայաստանի ներկա վիճակից և կանչված են միայն համաձայնելու ու հաստատելու նրանց թելադրվելիք ծրագրերը»,- նշեց Ոսկերիչյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ առհասարակ անիմաստ է նման համաժողովներ կազմակերպելը, միջոցներ ծախսելը, եթե այն կեղծ է, իր օրակարգում չեն ընդգրկվում մտահոգիչ, առաջնահերթ հարցեր, այնտեղ չի ներկայացվում իրականությունը, և առկա խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում: «Այս պայմաններում այս համաժողովը ոչ մի խնդիր չի լուծելու՝ բացի ՀՀԿ-ի իշխանությունը հնարավորինս երկարացնելուց»,- նկատեց Ոսկերչյանը:

«Հայկական վերածնունդ» կազմակերպությունը սփյուռքահայերին կոչ է արել չմասնակցել համաժողովին ու դրանով չդառնալ ռեժիմի գործիք: «Համաժողովը պարզապես գործիք է ռեժիմի ձեռքում՝ Սփյուռքում իր դիրքերն ամրապնդելու և լեգիտիմության շղարշն ամրապնդելու համար: Ավելին, համագործակցելով ՀՀ վարչակազմի հետ, Սփյուռքի ներկայացուցիչները անուղղակիորեն մասնակցում են Հայաստանի ինքնիշխան պետականության կործանմանը և գաղութացմանը: Այդ պատճառով համաժողովի օրակարգը համարում ենք կեղծ, ապազգային և անօրինական, իսկ սփյուռքահայ մասնակիցներին կոչ ենք անում սթափվել, չդառնալ ռեժիմի գործիքը և իրենց ջանքերը ուղղել Հայաստանը ռեժիմից ազատագրելուն, գաղութացման դեմ պայքարին, Հայաստանի ժողովրդավարացմանը և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնմանը»,- ասված է ուղերձում:

Նշենք, որ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը կայանալու է սեպտեմբերի 18-20-ը: Վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ հունիսին կայացած կառավարության նիստերից մեկի ժամանակ հանձնարարել էր ՀՀ սփյուռքի նախարարին ապահովել պատշաճ մակարդակով համաժողովի կազմակերպչական աշխատանքները, նախապատրաստել համաժողովի ծրագիրը և դրանով նախատեսված միջոցառումների իրականացումը: Համաժողովի անցկացման հետ կապված վարչապետը տարբեր գերատեսչությունների ղեկավարներին տվել էր մի շարք այլ հանձնարարականներ:

Աղբյուր՝ http://www.1in.am/2210611.html



Աղբյուրը: Հայաստան-Սփյուռք համաժողովը ոչ մի խնդիր չի լուծելու՝ բացի ՀՀԿ-ի իշխանությունը երկարացնելուց. Շանթ Ոսկերիչյան

Մասին Armenian Renaissance - Los Angeles Chapter

Կարդացեք նաև

Շախմատի պատանիների հավաքականը պարտվել է

Հայաստանի շախմատի պատանիների հավաքականը շարունակում է ելույթները մինչև 16 տարեկանների Օլիմպիադայում: Հնդկաստանում ընթացող Օլիմպիադայի 4-րդ …