Կիրակի , Դեկտեմբերի 17 2017
Սկիզբ / Սփյուռք / Վլադիմիր Գասպարյանը չէ, որ Գոռ Հակոբյանին կյանք էր տվել, որ նրան էլ՝ կյանքից զրկեց…

Վլադիմիր Գասպարյանը չէ, որ Գոռ Հակոբյանին կյանք էր տվել, որ նրան էլ՝ կյանքից զրկեց…


Շատերը նկատած կլինեն,որ Հայաստանում վերջին շրջանում քրեածին իրավիճակը բավական սրվել է. քիչ-քիչ երկիրը վերածվում է Սիցիլիայի: Թե հատկապես ինչով է պայմանավորված նման տխուր պատկերը, առանձնապես դժվար չէ հասկանալ: Սա, թերևս, ոստիկանական համակարգի թերի աշխատանքի արդյունք է, իսկ ավելի ճիշտ՝ անգործության մատնվելու: Բանն այն է,որ հատկապես Վլադիմիր Գասպարյանի ղեկավարման օրոք ոստիկանության համակարգում «բարդակային» իրավիճակ է հաստատվել,ու դատելով ամենայնից՝ այն միտում չունի շտկվելու:
Բավական մեծ աղմուկ է բարձրացել հատկապես Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբում տեղի ունեցած ցավալի միջադեպը,որի արդյունքում ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ գործողությունների հետևանքով գրանցվեց զոհ, ինչից ակնհայտորեն հնարավոր կլիներ խուսափել, եթե գործ ունենայինք սեփական գործից գլուխ հանող,այլ ոչ թե կամայականությունը գործելակերպ դարձրած համակարգի հետ:
Մինչև հիմա հասարակությունը չի սթափվում Գոռ Հակոբյանի սպանության փաստից՝ վստահ լինելով, որ սպանությունը շատ հստակ պլանավորված բնույթ է կրել: Այս ամենում առաջնային դեր է խաղացել սպանվածի ով լինելը (հայրը «Կայարանցի Բիբոս»-ն է):
Տեղի ունեցածից տպավորություն է ստեղծվում,թե ոստիկանությունն ուղղակի առիթ է փնտրել Գոռ Հակոբյանին կյանքից զրկելու համար: Ակնհայտ է,որ սպանությանն այլընտրանք իրոք որ կար,քանի որ նման պարագաներում,ինչպես աշխարհի շատ երկրների փորձն է ցույց տալիս,իրավապահ մարմինները նախընտրում են օգտվել ասենք նույն հոգեբանների ծառայություններից՝ հասկանալու, ըմբռնելու համար, թե ինչ է պահանջում սահմանային վիճակում հայտնված մարդը: Այսինքն՝ ուժի գործադրումն ամենածայրահեղ ու ամենավերջին քայլն է,այլ ոչ թե առաջինը, իսկ այս պարագայում, փաստորեն, ոստիկանությունը զենքի միջոցով հարց լուծելը համարել է միանգամայն ընդունելի տարբերակ՝ առանց սպառելու հարցի լուծման մնացած բոլոր գործիքները:
Այնպես որ՝ անկասկած է,որ գործ ունենք ոստիկանապետի ուղղակի հրամանի հետ՝ ոչնչացնել «Կայարանցի Բիբոսի» որդուն, ինչով,փաստորեն Գասպարյանն աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնում է, թե ով է ինքն իրականում:
Պակաս «դիտարժան» չէր նաև այն մեթոդը, որն ընտրվել էր Հակոբյանին վնասազերծելու համար: Օրը ցերեկով բերվում է դիպուկահար, ով մարդաշատ վայրում անխռով կերպով նշանառության տակ է առնում Հակոբյանին, և սա տեղի է ունենում բոլորի աչքի առաջ,մարդկանց, որոնց անսիրտ ու անտարբեր պահվածքի վրա միայն զարմանալ կարելի է: Եվ հետո՝ եթե ցանկություն կար ուղղակի վնասազերծելու,այլ ոչ թե սպանելու,կարող էին կրակել ոտքին կամ թևին:Ակնհայտ է,որ սպանություն կատարելու մասին որոշումն այս պարագայում բնավ տեղին չէր:
Անկասկած, հենց միայն այս ողջ մութ պատմությունը ջրի երես դուրս բերելու համար արժեր խնայել Գոռին, ինչը, փաստացի չարվեց, ու չարվեց դիտավորյալ, ինչը խոսում է համակարգի չկայացվածության մասին,ինչը վկայում է այն վատառողջ մթնոլորտի մասին,որ տիրում է համակարգում արդեն երկար տարիներ…
Իսկ միգուցե ոստիկանապետի զրոյական մակարդակի խորհրդակա՞նն էր նրան խորհուրդ տվել գնալ անընդունելի ճանապարհով…ո՞վ գիտե:
Հաշվի առնելով այն, որ Վլադիմիր Գասպարյանը չէ,որ Գոռ Հակոբյանին կյանք էր տվել՝ կարող ենք ասել,որ առաջինի իրավասությունների շրջանակում չէր գտնվում նրան կյանքից զրկելը:
Անվիճելի է,որ Գ. Հակոբյանի սպանությունը համակարգի ամենաթողության ամենավառ ապացույցը պետք է համարել, ինչպես նաև պրոֆեսիոնալիզմի պակասի ապացույց, քանի որ սա մի փորձություն էր, որը,փաստորեն, ոստիկանապետը չբռնեց:
Հարց է առաջանում՝ ո՞վ է պատասխան տալու այս սպանության համար,ով է բացատրելու Գոռի մորը,թե ինչու է նա այսօր ստիպված «համակերպվել» սեփական որդու մահվան հետ:
Ի դեպ՝ պակաս ուշագրավ չէ պատանդառված աղջկա ով լինելը: Ակնհայտ է, որ ամենևին էլ հրեշտակ չէ: Նա թմրամոլ է և իր խնամքի տակ ունի երեխա,որին փաստացի,անտերության է մատնել:Ակնհայտ է,որ բարոյապես կատարյալ մեկը չէր կարող այդ ժամին լինել ինչ-որ «օբյեկտում» ու այն էլ տղայի հետ…Այնպես որ՝ չի բացառվում՝ պարզվի, որ աղջիկն աշխատել է նաև ՊՊԾ գնդի համար,ժամացույցի տակ…
Մի բան անվիճելի է՝ աղջիկն ակնհայտորեն համագործակցել է ոստիկանների հետ՝ նախապես տեղյակ լինելով նրանց մութ նպատակների մասին:
Փաստորեն՝ տղային սպանեցին, իսկ այնուհետև սկսեցին մամուլով կեղծ լուրեր տարածել, թե իբր Գոռ Հակոբյանն Ամերիկայում 5 հոգու սպանության պատճառ է դարձել, ինչից հետո արտաքսվել է, որն ուղղակի ծիծաղելի սուտ է, քանի որ նման հանցագործության համար ամերիկյան իրավապահ մարմինները ոչ թե կբավարարվեին արտաքսելով, այլ մահապատժի կդատապարտեին նրան կամ էլ լավագույն դեպքում՝ ցմահ ազատազրկման:
ԱՄՆ-ն ինչ-որ բանանային հանրապետություն չէ և այնտեղ գիտեն՝ ինչպես է պետք վարվել հանցագործների հետ: Ասել կուզենք՝ Գոռ Հակոբյանի մասին ոստիկանության տարածած տեղեկությունը պարզ ապատեղեկատվություն է ու նպատակ ունի կոծկելու իրականությունը հանրությունից: Եվ հետո՝ այս անհիմն պնդման մեջ մի չափազանց խոցելի կետ ևս առկա է: Եթե,ինչպես ոստիկանական մերկապարանոց պրոպագանդան է պնդում, Գոռն իրոք արտաքսվել է նմանօրինակ հանցագործությունների համար, ապա ինչո՞ւ տեղի ոստիկանությունը բարի չի եղել ու Գոռին իր հսկողության տակ չի առել,երբ նա մտել էր Հայաստան:
Այսինքն՝ փոխարենը կանխարգելիչ գործողություններ ձեռնարկելու,եթե դրանց կարիքը կար,ոստիկանությունը միանգամից ձեռնամուխ է եղել տղայի սպանությանը: Սրանք հարցեր են,որոնք իրականում պատասխաններ են պահանջում՝ պատասխաններ,որոնք,սակայն, Վլադիմիր Գասպարյանը հաստատ չունի:
Ակնհայտ է,որ այս խմորն իրականում դեռ շատ ջուր է տանելու: Ողջ Հայաստանն ու Լոս Անջելեսն է ցնցված տեղի ունեցածից՝ հանգամանք, որ լավագույնս է բացահայտում Հայաստանի ոստիկանության իսկական դեմքն ու խոցելի կողմերը, որոնք, փաստորեն, է´լ ավելի են խորացել հատկապես Վլադիմիր Գասպարյանի օրոք:
Ի դեպ՝ նշենք,որ Գոռ Հակոբյանը հանդիսանում էր Մագնետ դպրոցի շրջանավարտ՝ կրթօջախ, ուր սովորում են բացառապես տաղանդաշատ մարդիկ,նրանք,ովքեր իրոք լուրջ մտավոր պոտենցիալի տեր են հանդիսանում, իսկ սա իր հերթին նշանակում է,որ եթե կյանքի ու իրադարձությունների բերումով Գոռը տվյալ պահին սխալ ուղու վրա է գտնվել,ապա դա ոչ մի իրավունք չէր տալիս ոստիկանությանը՝ ապօրինաբար զրկելու երիտասարդին կյանքից, վարկաբեկելու նրա անունն՝ պիտակավորելով որպես մարդասպան:
Նշենք,որ Գոռի հայրը այժմ Հայաստանում է, արդեն հուղարկավորել է որդուն: Լոս Անջելես վերադառնալուց հետո USArmenianews.-ը կզրուցի նրա ընտանիքի հետ, և կներկայացնի ամբողջ իրողությունը , որին տեղյակ չէ հանրությունը:
Այս ամենը, այս ողբերգական դեպքն, անկասկած, առաջ է բերում հարցադրումներ, որոնք ուղղված են ոչ միայն անձամբ Վլադիմիր Գասպարյանին, չնայած առաջին հասցեատերը հենց նա է,այլև հանրությանը:
Միայն այն,որ ակնհայտ մարդասպանություն է տեղի ունենում հանրության աչքի առաջ, սովորական անցորդների, ովքեր աչք անգամ չեն թարթում ու չեն փորձում կանխել ողբերգությունն,արդեն իսկ վկայում է չափազանց բացասական երևույթների մասին,որ արմատացել են հասարակության ներսում:
Այս ամենը վկայում է տոտալ անտարբերության մասին, քաղաքացիական գիտակցության ոչ բավարար լինելու մասին՝ իրականություն,որ չի կարող խորը մտահոգություն չառաջացնել:
Այնպես որ՝ բարոյական մեծ բեռի տակ է հայտնվել ոչ միայն Վլադիմիր Գասպարյանն իր փտած համակարգով, այլև ինքը՝ հասարակությունը ինչն, անկասկած, ցավալի է ու նաև պախարակելի:
Հայաստանյան հասարակությունը, սակայն,պետք է նկատենք,որ ամենևին էլ այսպիսին չէր, ու ակնհայտ է,որ ինչ-որ մեկն այդ հասարակությանը կոտրել է ներսից, համոզված ենք՝ Վլադիմիր Գասպարյանի մատն այս ամենում չի կարող խառը չլինել:
Գայանե Մանուկյան

Աղբյուրը: Վլադիմիր Գասպարյանը չէ, որ Գոռ Հակոբյանին կյանք էր տվել, որ նրան էլ՝ կյանքից զրկեց…

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ս. Սարգսյանը ստորագրել է «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 15-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության կառավարության …