Երեքշաբթի , Հոկտեմբերի 24 2017
Սկիզբ / Հասարակություն / Մեր նպատակը պետք է լինի ոչ թե իշխանափոխությունը, այլ հայրենիքի՝ ազատ, ինքնուրույն լինելը․ Թորոս Սէֆիլյան

Մեր նպատակը պետք է լինի ոչ թե իշխանափոխությունը, այլ հայրենիքի՝ ազատ, ինքնուրույն լինելը․ Թորոս Սէֆիլյան

«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է Ժիրայր Սէֆիլյանի եղբայրը՝ լիբանանահայ Թորոս Սէֆիլյանը (Լիբանան, Բեյրութ):

– Պարոն Սէֆիլյան, «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարին կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին համախմբվելու առաջարկ արեց թավշյա հեղափոխություն իրականացնելու համար: Ինչպե՞ս եք գնահատում այս կոչը, որքանո՞վ եք հնարավոր համարում հիմա համախմբումը, որքանո՞վ է իրատեսական:

– Հնարավոր է ամեն ինչ, բայց եթե մարդկանց մոտ կա լրջություն, անկեղծություն և վճռականություն: Եթե այս ամենը չկա, ոչինչ հնարավոր չէ: Հիմա մարդիկ աջից-ձախից ինչ կոչեր են անում, ես, անկեղծ ասած, դրան չեմ հավատում, որովհետև մինչև կոչ անելը, մարդիկ պետք է գործով ապացուցեն մեր հասարակությանը: Այլապես միայն կոչերով որևէ բան չենք կարող հաջողել՝ լինի Րաֆֆի Հովհաննիսյանը կամ մեկ ուրիշը: Ինչ վերաբերում է թավշյա հեղափոխության կոչերին, բազմիցս ասել եմ, որ երբ մենք հեղափոխություն կամ ապստամբություն ենք ասում, շատերը սխալ են հասկանում, իսկ մի մասն էլ ուղղակի սխալ է մեկնաբանում: Ես բազմիցս խոսել եմ ընդվզման, ապստամբության մասին, դա երբեք չի նշանակում, որ մեր նպատակը ինչ-որ բան փախցնելն է: Հիշեցնեմ, որ եթե Ժիրայր Սէֆիլյանը չլիներ, մենք վաղուց կունենայինք արյունաթափ գործողություններ Հայաստանի ներսում: Գուցե քչերը կհավատան, բայց դա ինձ չի հետաքրքրում, ես սա ասում եմ անկեղծորեն: Եթե մենք տարիներ շարունակ չկասեցնեինք մի շարք խմբերի, որոնք ամեն ինչի պատրաստ էին, մենք ասում էինք՝ այդպես չի կարող լինել, որ պետք է մեկ գաղափարի շուրջ հավաքվելով զարգացնենք բանալին և իջնենք փողոց: Փողոց իջնել անպայմանորեն չի նշանակում արյուն թափել: Մի փոքր օրինակ բերեմ. եթե վաղն առավոտյան թե՛ Սփյուռքի, թե՛ Հայաստանի ներսում ունենանք այն գիտակցությունը, որ այլևս ժամավաճառությամբ չպետք է զբաղվենք, և եթե մեծամասնության մոտ լինի ազգային արժանապատվություն, որ այդ վճռական որոշմանն անցնեն՝ շաբաթվա ընթացքում մեզ կհաջողվի Հայաստանի ներսում համակարգափոխություն կամ իշխանափոխություն, որովհետև մեր նպատակը չպետք է լինի իշխանափոխությունը, մեր նպատակը պետք է լինի հայրենիքի՝ ազատ, ինքնուրույն լինելը: Բոլոր գիտակից մարդիկ, եթե վճռականորեն հավաքվեն և փողոց իջնեն, իսկ փողոց իջնել չի նշանակում անպայման արյուն թափելու նպատակ ունենա, այլ բոյկոտել: Եվ եթե կարողանանք հսկայական թիվ ապահովելով՝ կկարողանանք հասնել մեր նպատակին, այն է՝ մեր հայրենիքի բարելավումը և ոչ թե ով պետք է իշխի կամ աթոռ զբաղեցի: Մինչ օրս անխտիր բոլոր կուսակցությունների նպատակը աթոռ զբաղեցնելն է եղել: Եվ ահա ընտրություններից հետո մենք ունեցանք անորակ խորհրդարան, որը զբաղեցնում են չորս կուսակցություններ:

-Այսինքն՝ դուք որևէ պահ չե՞ք միանա այս նախաձեռնությանը:

-Համախմբում շատ արագ կարող է տեղի ունենալ, սակայն հարց է՝ որքանով մարդկանց մոտ կա այդ անկեղծությունը: Խոսքը կա, բայց գործողություններ՝ ոչ: Եվ դրա համար եմ ասում, որ կա գիտակցության և նախ և առաջ, արժանապատվության հարց: Եվ այս ամենն արժանապատվության բացակայության արդյունք է:

-Մեկ տարի է լրանում հուլիսյան դեպքերից: Ի՞նչ եք կարծում, նման ֆորս-մաժորները հնարավո՞ր է կրկնվեն:

-Այո, հնարավոր է, միշտ էլ հնարավոր է: Իհարկե կա այն իրողությունը, որ ժողովրդի մեծամասնությունը հիասթափված է, շատ պայքարողներ հուսահատված են: Եվ շատերը միտումնավոր այդ երևույթը քառակի անգամ հրամցնում են, հիշում են: Բայց, իհարկե, այս ամենը բնական է, և կարող է ինչ-որ ժամանակ վայրէջք ունենալ, բայց հանկարծակի այդ վայրէջքը կարող է վերև բարձրանալ, և անակնկալները միշտ կարող են մեր կյանքից ներս լինել: Ֆորս-մաժորային գործողություններ մի սպասեք քաղաքական գործիչներից: Դա կլինի հանկարծ և ոչ հայտնի մարդկանց համախմբման արդյունքում: Եվ մեկ ամսվա մեջ կարող է լինել այդ համախմբումը, որը հնարավորություն կտա ճիշտ նշանակակետին գոլ խփել:

-Բացառո՞ւմ եք Րաֆֆի Հովհաննիսյանի կամ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ նման համախմբում:

-Եթե անկեղծ ասեմ, մինչև կուսակցություններ հիմնելը` գործեր կան, որ պետք է նախապես արած լինեին: Նկատի ունեմ Սեյրան Օհանյանին: Սեյրան Օհանյանը, իմ կարծիքով, մի քիչ ուշացավ, դրա համար այսօր նա չի կարող ընդդիմադիր ուժը ձևակերպել, նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայությամբ կամ միասին: Եվ դարձյալ պետք է ուշանա գործը: Մենք այսօր ժամանակ չունենք: Իրենք դա պետք է գիտակցեին և քայլեր նախաձեռնեին նախքան ընտրությունները և ոչ թե այսօր: Իհարկե, եթե նույնիսկ այսօր սկսեն, դարձյալ խնդիր չկա, լավ է ուշ, քան երբեք։ Ծիծաղելի է, 2017 թվականն ենք հասել, ասում ենք անկախ Հայաստան, բայց երբ նայում ենք մեր երկրի տնտեսական կյանքին, տեսնում ենք խամաճիկական տնտեսական խոսքեր, իրականությունը բոլորովին այլ է, մարդիկ ծայրահեղ աղքատության մեջ են գտնվում, դիմում են արտագաղթի: Եվ հիմա՝ 2017-ին մենք պետք է ձևակերպենք նոր ընդդիմությո՞ւն, քանի տարի մեզ կհաջողվի ինչ-որ բան փոխել մեր երկրում: Սա յուրաքաչյուր հայորդու գիտակցությունը պետք է լինի, պետք է յուրաքանչյուրը ժամանակավոր իր անձնական գործը դնի մի կողմ և յուրաքանչյուրը պետք է միասնական մեծ ուժով հանդես գա և այս ամենին վերջակետ դնենք, մենք իրավունք չունենք այս կերպ շարունակել մեր կյանքը:

Ի՞նչ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, որ ես միանամ կամ հետևեմ, մի՞թե նորություն կա, ոչ մի նորություն, 20 րոպեանոց ելույթներ են ունենում, անցյալի մեղքերը բարդում են ժողովրդի վրա, ժողովուրդը ուզում է 50 տարվա խոսքը լսել հինգ րոպեում, կարո՞ղ է մեկը դա անել…

  • Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան
  • Հյուր` Թորոս Սէֆիլյան

Աղբրուր՝ http://www.1in.am/2164990.html



Աղբյուրը: Մեր նպատակը պետք է լինի ոչ թե իշխանափոխությունը, այլ հայրենիքի՝ ազատ, ինքնուրույն լինելը․ Թորոս Սէֆիլյան

Մասին Armenian Renaissance - Los Angeles Chapter

Կարդացեք նաև

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մեր իշխանություններն ամբողջապես չեն իրականացնի

Ի՞նչ տնտեսական բարեփոխումների կհանգեցնի Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումը, և Հայաստանի իշխանությունները որքանո՞վ են պատրաստ իրագործել այդ …