Երեքշաբթի , Մայիսի 23 2017
Սկիզբ / Հասարակություն / Այլընտրանքային ծառայություն. փոխվե՞լ է Եհովայի վկաների մոտեցումը

Այլընտրանքային ծառայություն. փոխվե՞լ է Եհովայի վկաների մոտեցումը

sahman-iravichak-marter-634x445

Մեր նախորդ հրապարակման մեջ Araratnews.am-ը «Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպության» հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արթուր Իսպիրյանի հետ զրուցել էր ՌԴ արդարադատության նախարարության կողմից «Եհովայի վկաների վարչական կենտրոնի» գործունեության կասեցման, ինչպես նաեւ Հայաստանում նրանց գործունեության եւ ՀՀ զինված ուժերում ծառայության մասին։ Ներկայացնում ենք այդ զրույցի շարունակությունը։

Խոսեցիք այլընտրանքային ծառայության մասին: Մենք բոլորս ապրում ենք նույն երկրում, նույն իրավունքներն ու պարտավորություններն ունենք պետության առաջ, ինչքանո՞վ է արդարացի, որ բոլոր հայ տղաները գնան սահման, իրենց կյանքը վտանգելով պաշտպանեն երկրի սահմանները, իսկ երիտասարդ Եհովայի վկաները ծառայեն ավելի անվտանգ պայմաններում:

Ճիշտն ասած, ես նման հարցերի այլ կերպ եմ նայում. ինչո՞ւ, որովհետև եթե խոսքը մարդու դավանանքի, խղճի մասին է, դժվար է միանշանակ ինչ-որ բան ասել` ինչո՞ւ է նա այդպես անում, ինչո՞ւ մյուս քաղաքացին այդպես չի անում: Եթե խոսում ենք երկրի պաշտպանության մասին, երկրի ներսում էլ համայնքները կամ հասարակությունը պետք է պաշտպանված լինեն: Օրինակ` Եհովայի վկաները կարող են անել բաներ, որոնք ամրացնում են ընտանիքները, դա էլ է ուժեղացնում պետությունը: Միանշանակ ասել, որ բոլոր մարդիկ պետք է այսինչ բանն անեն, շատ դժվար է, ու, բացի այդ, օրենսդրորեն տեղին չէ, որ բոլորն անխտիր պետք է գնան և մասնակցեն զինծառայության: ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև Եվրոպական կոնվենցիայով երաշխավորվում է մարդու կրոնի, մտքի, խղճի, դավանանքի ազատությունը, նաև, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանվել է, որ եթե անհատի խիղճը թույլ չի տալիս բանակում ծառայել, պետությունը պարտավոր է նրան տրամադրել այլընտրանքային ծառայություն, և դա նույնպես համարվում է ծառայություն Հայաստանի Հանրապետությանը:

Օրենքը հանգիստ թողնելով` հենց խղճի տեսանկյունից, ճի՞շտ եք համարում, որ մեր երիտասարդ տղաները գնում են կյանքի գնով պաշտպանելու այն երկրի տարածքները, որտեղ նաև դուք եք ապրում:

Մենք շատ երևացող տեղում ենք, բայց ասեմ, որ ուրիշներն էլ չեն մասնակցում այդ գործընթացին, անգամ այլ կրոնի ներկայացուցիչներ: Չգիտես ինչու, նրանք երբեք թիրախ չեն դառնում, այլ միշտ բարձրացվում է Եհովայի վկաների հարցը: Դա անհատի խղճի և համոզմունքների հարցն է: Ես հասկանում եմ ձեր հարցի էությունը. ինչո՞ւ նա չպետք է գնա այնտեղ կռվելու, ես դժվարանում եմ դա բացատրել, այսինքն` այն առումով եմ դժվարանում բացատրել, որ եթե անհատն ունի այսպիսի համոզմունք, դժվար է իր համոզմունքն ուրիշին բացատրել: Հիմա եթե դուք ունեք այդ համոզմունքը, որ պետք է գնալ, պայքարել, մեկ այլ անհատ ունի այլ համոզմունք և այդ համոզմունքի հիմքերն էլ է բերում, ինչը գուցե դուք դժվար հասկանաք: Այնպես որ, մի քիչ կդժվարանամ ուրիշի խղճի կամ համոզմունքի հետ կապված միանշանակ բաներ ասել այս պահին:

Եթե ձեր հավատակիցներից մեկը որոշի գնալ սահման կռվելու, դեմ կլինե՞ք այդ որոշմանը, թե՞ կողջունեք:

Դա անհատի ընտրության հարց է, ոչ թե մեր հավատի հարցն է, այլ Աստվածաշնչի: Մենք Աստվածաշնչով սովորում ենք այսպես կամ այնպես լինել, բայց եթե անհատը ցանկանում է այլ կերպ ապրել այսուհետ, այսինքն` ոչ Աստվածաշնչով, դա իր ընտրության հարցն է, ոչ ոք իր ձեռքից չի բռնի ու չի ասի` դու այսպիսի բան պետք է անես կամ չպետք է անես:

Եթե չեմ սխալվում, դուք նաև չեք խրախուսում այն ամուսնությունները, երբ վկաները որոշում են ամուսնանալ այլ կրոնի ներկայացուցչի հետ:

Մեզ մոտ պարտադիր ասված բան չկա, եթե անհատն ընտրում է ուրիշ մեկի հետ, այսինքն` իր կրոնից դուրս դավանող ինչ-որ մեկի հետ ամուսնանալ, դա իր ընտրությունն է, և ինքն է դրա հետևանքները կրելու: Եհովայի վկաները հասկանում են, որ միադավան ամուսնություններն ավելի հեշտ են, բայց դա իր որոշումն է, և ոչ ոք նրա ձեռքից չի բռնի, եթե նա որոշել է այդպես վարվել:

Տեսակետ կա, որ նույն երկրում կրոնական կազմակերպությունների բազմազանությունը թուլացնում է երկրի պետականությունը: Համաձա՞յն եք այս տեսակետին:

Դավանանքի հարցում «պետք է» բառն օգտագործելը ես կհամարեի մի քիչ խիստ, որովհետև եթե անհատը նախընտրում է այլ կերպ դավանել իր կրոնը, իր համոզմունքները, ինքն ազատ է դա անելու, ու եթե հիմք են բերում, որ դրանով խարխլվում է մեր պետականությունը, ես շատ երկրներ գիտեմ, որտեղ բազմակրոնություն է, և ոչ թե խարխլվել է, հակառակը` ավելի լավն է դարձել: Բազմակարծությունը և բազմակրոնությունը ավելի մեծ ազատություն են տալիս և ավելի են խթանում մարդու մտածելակերպը, որովհետև եթե մարդիկ ազատ են, հարգում են միմյանց համոզմունքները, նրանք ազատ են շփվում իրար հետ ու ավելի հեշտ են մտնում կոնտակտի մեջ, քան եթե մարդուն սահմանափակեն ու ասեն` դու այս կամ այն ձևով պետք դավանես: Ինձ թվում է` դա շատ խոր հարց է, նաև ինչ-որ չափով` փիլիսոփայական և հոգեբանական:

Խոսվում է այն մասին, որ շատերը դառնում են Եհովայի վկա, որովհետև դրա դիմաց գումար են ստանում: Դա այդպե՞ս է:

Միանշանակ այդպես չէ: Դավանանքի հարցում եթե ինչ-որ շահ կա, ուրեմն այդ դավանանքն անկեղծ չէ, ուրեմն կեղծավորություն կա: Դրա համար Եհովայի վկաները ոչ մի դեպքում ոչ մի նյութական խրախուսանք չեն առաջարկում որևէ մեկին: Մենք հայտնի ենք մեր աստվածաշնչյան գործունեությամբ, այսինքն` մարդկանց առաջարկում ենք աստվածաշնչյան գրականություն, անվճար ուսումնասիրել Աստվածաշունչը, այդպես էլ շեշտում ենք, որ եթե ցանկացած պահի, ցանկացած ժամի ցանկանում են ուսումնասիրել, մենք կարող ենք օգնել: Մենք մարդկանց օգնում ենք, որ Աստվածաշունչն ուսումնասիրեն, իսկ թե հետո ի՞նչ որոշում կկայացնեն, միանշանակ թողնվում է անհատի ընտրությանը, և ոչ մի ձևով խրախուսական բաներ չեն արվում, որ նա Եհովայի վկա դառնա:

Որքա՞ն անդամ ունեք Հայաստանում:

11 հազարից մի փոքր ավելի: Ի տարբերություն Ռուսաստանի, ամբողջ Հայաստանում գործում է մեկ գրասենյակ, որը գտնվում է Երևանում, բայց մենք մարզերում ունենք պաշտամունքի վայրեր, որտեղ վկաները հավաքվում են իրենց շաբաթական երկրպագության համար:

Իսկ վկաների թիվը Հայաստանում ավելանո՞ւմ է, թե՞ նվազում:

Կարելի է ասել` նույնն է մնում: Բայց երկրից արտագաղթը, իհարկե, ազդում է թվի վրա:

Հարցազրույցը` Էմմա Հովսեփյանի



Աղբյուրը: Այլընտրանքային ծառայություն. փոխվե՞լ է Եհովայի վկաների մոտեցումը

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Ուռուցքաբանական թիմ. նորամուծություն Հայաստանում

Մոտ 4 տարի է, ինչ Նաիրի բժշկական կենտրոնում գործում է ուռուցքաբանության ծառայությունը: Ի սկզբանե հիմնվել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով