Երկուշաբթի , Մայիսի 21 2018
Սկիզբ / Հասարակություն / Սերժ Սարգսյանն ընդունել է Սուրեն Կարայանին

Սերժ Սարգսյանն ընդունել է Սուրեն Կարայանին

23467

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն այսօր զեկուցել է արտահանման զարգացման և ներդրումների ներգրավման ուղղությամբ արձանագրված արդյունքների և իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ։

Սուրեն Կարայանը նշել է, որ նախարարությունը աշխատանքներ է իրականացնում 2017 թվականի առաջին ամիսներին արձանագրված տնտեսական ցուցանիշների դրական դինամիկան պահպանելու և հետագա կայուն զարգացում ապահովելու ուղղությամբ։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ գերատեսչությունը նպատակադրվել է առաջիկա 5 տարիների ընթացքում ՀՆԱ կառուցվածքում արտահանման կշիռը հասցնել 45%-ի։ Նախարարի պաշտոնակատար Կարայանը տեղեկացրել է, որ այդ նպատակով ուսումնասիրվել են արտահանման աճի ներուժ ունեցող արդյունաբերության ճյուղերը և գործող ձեռնարկությունների զարգացման ծրագրերը։ Վերջիններիս ցուցաբերվում է անհրաժեշտ պետական աջակցություն՝ առկա ներուժը իրացնելու նպատակով։ Ձևավորվել է նաև ներմուծման փոխարինման համար նպատակահարմար ապրանքների ցանկ, որոնք համապատասխան օժանդակության պարագայում մրցունակ կլինեն ներմուծվող ապրանքների նկատմամբ։

Նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը Նախագահին զեկուցել է արտահանման նոր շուկաներ ներթափանցման և առկա շուկաներում դիրքերի ամրապնդման ու ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նախարարի պաշտոնակատարը, մասնավորապես, անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության շուկայում հայկական ապրանքների առաջմղման, խոշոր առևտրային ցանցերում դրանց ներգրավման, ԵԱՏՄ միասնական շուկաների և համատեղ արտադրության շղթաների ձևավորման ուղղությամբ քայլերին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Եվրամիությունում գործող GSP+ առևտրի արտոնյալ համակարգի շրջանակներում ՀՀ արտահանման ներուժի իրացմանն ուղղված միջոցառումներին և հեռանկարներին։ Սուրեն Կարայանի հավաստմամբ, աշխատանքներ են իրականացվում արտահանման աջակցության գործիքակազմի առավել լայն կիրառման և անհրաժեշտության պարագայում՝ դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Նախարարի պաշտոնակատար Կարայանը Նախագահին տեղեկացրել է, որ մշակվել է Հայաստանի 2017 թվականի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը, և համալիր միջոցառումների իրականացման դեպքում ակնկալվում է, որ, այլ հավասար պայմաններում, ՀՀ դիրքը Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում 38-րդից կբարձրանա 26-րդ` գրանցելով 12 կետով բարելավում: Ըստ Սուրեն Կարայանի, նախատեսվում է առաջիկա 4-5 տարիների ընթացքում Հայաստանը դիրքավորել լավագույն 20 երկրների շարքում:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատարը Հանրապետության Նախագահին զեկուցել է նաև «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ նոր օրենքի մշակման աշխատանքների ընթացքի վերաբերյալ, որով նախատեսվում են ներդրողների պաշտպանության նոր երաշխիքներ։ Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է ներդրումային գրավչության և պոտենցիալ ներդրումային ծրագրերի ներկայացմանը և մասնավորապես, ներդրումային ծրագրերի հարթակին, որտեղ այժմ ներկայացված է 55 ներդրումային ծրագիր։ Նախարարի պաշտոնակատարը Նախագահին ներկայացրել է ներդրումային հիմնադրամների ձևավորման աշխատանքների ընթացքը։ Նրա խոսքով՝ ներդրումների խթանման նպատակով ստեղծվող «Սյունիք» ազատ տնտեսական գոտին կմեկնարկի 2017թ․ աշնանը։

Նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի զեկույցը ներառել է նաև զբոսաշրջության ոլորտում գերատեսչության իրականացրած աշխատանքները։ Ըստ զեկույցի, մինչև 2020 թվականը կանխատեսվում է ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կրկնապատկել:

Հանրապետության Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:



Աղբյուրը: Սերժ Սարգսյանն ընդունել է Սուրեն Կարայանին

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Ամռանն ընդառաջ մի շարք ուղղություններով ոչ կանոնավոր չվերթեր կիրականացվեն. ցանկ

Մի շարք ավիաընկերություններ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել են թույլտվություն ամռան …