Երկուշաբթի , Հունիսի 26 2017
Սկիզբ / Մանկավարժի անկյուն / Ուզում եմ մտքիս թռիչքն ու իղձերն իրականանան

Ուզում եմ մտքիս թռիչքն ու իղձերն իրականանան


7-րդ ա դասարանում հայոց լեզվի տնային հանձնարարությունը, որ նախատեսված էր շարադրություն գրել «Իմ կախարդական վրձինը» վերնագրով, աշակերտների մոտ տարակարծությունների տեղիք տվեցին, թե անհասկանալի է, չեն կողմնորոշվում` ինչ պիտի գրեն: Որոշ բացատրական աշխատանք տարվելուց հետո հաջորդ դասաժամին, իրար հերթ չտալով, րոպե առաջ ցանկանում էին ընթերցել իրենց շարադրանքը: Ուշադրությանս արժանացան Մանե Հակոբյանի գրած տողերը:
Նա համեստության տիպար է, դպրոցականին հարիր իր օրինակելի կարգապահական կեցվածքով ու դասարանում ունեցած ակտիվ ու ազնիվ կենսադիրքով: Մեկ տարի առաջ էր Հայաստանի Արարատ քաղաքի դպրոցից տեղափոխվել մեզ մոտ` Մարտակերտ, դասարանցիների հետ հասցրել է մտերմանալ, նույնպիսի զգացողությամբ հարազատացել Արցախին, որն էլ նկատելի էր նրա շարադրության մեջ:
«Սպիտակ թուղթ, գույներ, վրձին ու լռություն…Որքա~ն ասելիք ունեմ այս առարկաների միջոցով արտահայտելու, որքա~ն երազանքներ… Այս պահին վրձինը ձեռքիս է, սակայն երանի~ այն կախարդական լիներ ու իմ մտքի թռիչքն ու իղձերն իրականացներ:
Նկարում եմ դեղին գույնով արև շողուն, որ միշտ ժպտա ու շողշողա և ջերմացնի մեր քաջարի զինվորներին, ովքեր, արթուն խրամատներում, իմ երկիրն են պաշտպանում: Կանաչ գույնով իմ վրձինը կնկարի կանաչազարդ իմ Արցախը, որի նման վառ բնություն, կանաչ սարեր, ծիլ ու ծաղիկ չկա ուրիշ ոչ մի երկրում: Կնկարեմ կանաչ սարեր ու անկյունում` թղթի վրա, կնկարեմ մի նռնենի: Կվերցնեմ կարմիր ներկը, ծառի վրա կնկարեմ իմ Արցախի խորհրդանիշ կարմիր նուռը, որ հասել է ու ճաք տվել քաղցրությունից: Կանաչապատ արտում բազում կակաչների բոսոր փնջեր կնկարեմ, որ սիրո կրակի պես մեր մայրերի մթնած սրտում լույսի անմար ճրագ վառեն, որ ոչ մի մայր լաց չլինի, փոխարենը` զավակների վերադարձից ուրախության ծափեր հնչեն, երգ ու պարը թնդան ամեն դռնից:
Մոխրագույնով կնկարեմ այս բացատում մի մեծ կամուրջ, որ երբևէ այս աշխարհում թշնամիներ էլ չլինեն, այլ կամրջին իմ նկարած շա~տ-շատ ազգեր ձեռք ձեռքի տան ու բարեկամ լինեն միմյանց: Վարդագույնով կնկարեմ տուֆից մի շենք, որտեղ լքված մանուկներն ու շատ ծերեր հարազատի կհանդիպեն ու կգրկեն նրանք իրար ուրախության արցունքներով: Կնկարեմ իմ մայրիկին ու հայրիկին և մի քույրիկ կամ եղբայրիկ, որ ես մենակ չմեծանամ: Կվերցնեմ սպիտակ գույնը ու կջնջեմ երկրիս վրա սևով գրված չարաբաստիկ այն «մահ» բառը և մանկատունն ու ծերանոցը…
Այս ի՞նչ էր…Արևս տխրեց: Արևիս շուրթերը պիտի կարմիր ներկեմ, կողքին` մի լայն ժպիտ, որ արևոտ իմ Արցախն ապրի առանց այդ բառերի և իմ վրձնով կախարդական անկախ դառնա իմ երկիրը…»:
Նա կարդաց շատ հանգիստ, հատ-հատ, բառերի հանդարտ հնչողությամբ ու անսպասելի նկատեցի, որ աչքերն արցունքոտվել են: Հարցնում եմ հուզվելու պատճառը, իսկ նա իր թախծոտ դեմքին հայտնված անմեղ ու մաքուր ժպիտով է ինձ արձագանքում և շուտով իր շարադրանքին ավելացնում է տողեր. «Ճիշտն ասած, չգիտեմ` որ պահից հուզվեցի, երևի քույրիկ կամ եղբայր ցանկանալուց. դրանք ուրախության արցունքներ էին: Արդեն մեկ տարի է, ինչ այստեղ եմ, չեմ էլ հասկանում` ինչպես անցավ ժամանակը, դա նրանից է, որ ինձ լավ եմ զգում Արցախում և հայրենիքիս խաղաղությունն եմ ուզում»:
Քույրիկ կամ եղբայր ունենալու նրա խանդաղատագին զգացումին միահյուսվում է այն մեծ մարդասիրական ձգտումը, որ բոլորիս երազանքն է: Վերջացնում եմ տպագիր շարվածքը, մտորումներիս մեջ իմ աշակերտուհին է` իր անձնական ու անանձնական ցանկություններով…Երանի~ թե իրականություն դառնային նրա բոլոր անբիծ ու մաքուր երազանքները, որ անսովոր ու պայծառ թախիծով են պատված:
Նատաշա Պողոսյան

Աղբյուրը: Ուզում եմ մտքիս թռիչքն ու իղձերն իրականանան

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սիրիայում կանխել են մահապարտի պայթյունը Կարմիր խաչի շարասյան մոտ

Սիրիայում արեւելյան Գուտայի շրջակայքում հումանիտար շարասյան կողքին հայտնաբերվել է մահապարտ ահաբեկիչ՝ 10 կգ պայթուցիկ նյութով, …