Երեքշաբթի , Հոկտեմբերի 24 2017
Սկիզբ / Հասարակություն / Եթե չպայքարենք, ազգովի մեռած ենք. Սփյուռքը միանում է Փոստանջյանի ազգային դիմադրության շարժմանը

Եթե չպայքարենք, ազգովի մեռած ենք. Սփյուռքը միանում է Փոստանջյանի ազգային դիմադրության շարժմանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան շարժման Փարիզի մասնաճյուղի բանբեր Շանթ Ոսկերիչյանը:

– Պարոն Ոսկերիչյան, երեկ «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պետք է սկսել ազգային դիմադրության շարժում՝ գործող իշխանությանը տապալելու համար: Նա հասարակայնության լայն շերտերին, նաև սփյուռքի ներկայացուցիչներին կոչ է արել համախմբվել այդ շարժման շուրջ: Որպես սփյուռքի ներկայացուցիչ՝ ի՞նչ կարծիք ունեք այս հայտարարության վերաբերյալ:

– Գաղափարը ողջունելի է: Այս գաղափարը հիմնադրման ժամանակ ունեցել է նաև  «Հիմնադիր խորհրդարան»-ը: Ոչ քաղաքական ուժերի և ոչ էլ հանրության մոտ ընտրությունների նկատմամբ չկա վստահություն: Այս գաղափարը ողջունելի է, և մենք ժամանակին հրավիրել ենք Զարուհի Փոստանջյանին Փարիզ, Բրյուսել, հանդիպումներ ենք կազմակերպել տարբեր երկրների համայնքների հետ: Եվ ինքը շատ սիրված անձնավորություն է նաև Սփյուռքում: Ես ժամանակ չեմ ունեցել կարդալու նրա հայտարարությունը, պետք է ծանոթանանք, խոսենք, և եթե քննարկենք, հասկանանք՝ կաջակցենք: Մենք բացի աջակցությունից՝ ուզում ենք նաև գործակցել: Ընդհանուր առմամբ Հայաստանի կառավարությունը, կազմակերպությունները ուզում են իրենց մոտեցումներով իշխել Սփյուռքի կազմակերպությունների վրա: Իհարկե, եթե լինի նման գործակցություն, մենք հավասարապես ուզում ենք մաս կազմել այդ գործընթացներին և այդ ժամանակ սիրով կմասնակցենք:

– Կարծում եք՝ հասարակության լայն մոբիլիզացիա կլինի՞, երբ առաջիկա հինգ տարիներին չկան ընտրություններ:

– Հայաստանում ընտրական գործընթացներին վաղո՜ւց չենք  հավատում: Եվ ամեն անգամ փաստվում է, որ ընտրական գործընթացը խեղկատակություն է, ուրիշ ոչ մի բան չէ: Եթե այս շարժումը կարողանա արձագանք ունենալ, ես կարծում եմ՝ այո, հակառակ նրան, որ այսօր Սփյուռքի մեջ տիրող ուժը՝ Դաշնակցությունը, մտել է կոալիցիայի մեջ Հայաստանի երրորդ չընտրված նախագահի կառավարության հետ և գործարքի մեջ է նրանց հետ, նրանք պարզապես օգտագործում են Դաշնակցությունը Սփյուռքին լռեցնելու համար: Մենք դրսում նաև դրա դեմ ենք պայքարում: Մեր առաջ այստեղ Դաշնակցությանը պատկանող լրատվամիջոցները փակ են, խոսքի իրավունք չեն տալիս: Այսինքն՝ այսօր ճիշտ ստալինյան Դաշնակցությունն է: Վերջին 25 տարիներին կուսակցության հայաստանյան բյուրոն զրոյի իջեցրեց թե՛ Հայաստանը, թե՛ Սփյուռքը, բայց իրենք իրենց  ենթակառուցվածքներն ունեն, իրենց մամուլը և կտրում են Սփյուռքի ընդդիմության ձայնը: Նրանց գործարքը ՀՀ իշխանությունների հետ դրան է հանգեցրել: Հայաստանի մեջ նրանք երբեք այդքան ձայն չէին կարող հավաքել, այդքան պորտֆելներ ստանալ, բայց Սերժը նրանց շնորհեց:

– Ինչո՞ւ մինչև հիմա հանրային մոբիլիզացիա չի եղել այդ խնդիրների լուծման համար:

– Կարծում եմ՝ Հայաստանը բռնապետություն է: Առաջ ասում էինք՝ կիսաբռնապետություն է, բայց այսօր ասում ենք՝ բոլոր փաստերով արձանագրված է՝ Հայաստանը բռնապետություն է: Եվ եթե այսօր Հայաստան-Սփյուռք միասին չպայքարենք սրա դեմ, մենք ազգովի մեռած ենք: Եվ սա պետք է ըմբռնել. եթե չպայքարենք, Աստված մի արասցե, 10-20 տարում Հայաստան չի մնա: Ես հիմա չգիտեմ՝ ինչպես է հնարավոր այսօր մոբիլիզացիա անել, որովհետև Հիմնադիր խորհրդարանը չկարողացավ հանրային մոբիլիզացիա իրականացնել: Մի քանի անգամ եղավ, բայց հետևողական չեղավ: «Սասնա ծռերի» ժամանակ եղավ, բայց այդ մոբիլիզացիան էլ բավարար չէր: Սակայն մոտենում է «Սասնա ծռերի» մեկ տարին, հույս ունեմ, որ այդ ժամանակ դարձյալ ժողովուրդը կշարժվի՝ հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանը կեղծում է,  երբ քարոզում է  ընտրություններով որևէ բան փոխելու մասին, և ամեն կողմից ապտակում են: ԱԺ ընտրությունների ժամանակ ասում էր՝ ընտրությունները նորմալ են, ի՞նչն էր նորմալ, ոչ մի բան…

– Սփյուռքին Հայաստանի ներքաղաքական կյանքն արդյոք  հետաքրքի՞ր է:

– Ցավոք սրտի, դասական Սփյուռքը (ոչ թե Հայաստանից վերջին 25 տարիներին դուրս եկողները), որ հարյուր տարի Սփյուռքում է գտնվում, մենք ոչ մի բան տեղից չենք կարողանում շարժել: Մենք ինչեր արեցինք քաղբանտարկյալների համար, մինչև Ֆրանսիայի  նախագահին գրեցինք, երբ Սերժ Սարգսյանը այստեղ էր եկել, այդ ամենը ասացինք, խոսեցինք Հաց  Բերողի մասին, Սերժը երկու օրով եկավ, մենք ցույց արեցինք, բայց չենք կարողանում մինչև այս պահը դասական Սփյուռքին շարժել: Հիմա իրենք «Հայկական վերածնունդ»  համասփյուռքյան շարժման միջոցով կարողացան գոնե  հասկանալ Հայաստանի իրականությունը: Մենք իրենց հետ բացատրական աշխատանքներ տարանք, թռուցիկներ բաժանեցինք,  մարդիկ գնում են նստում օպերայի ջազվեում, բայց չգիտեն՝ ում է  այն պատկանում, չգիտեն՝ փողը, որ տալիս են, ում է գնում: Եվ մենք իրենց բացատրում ենք: Մենք անգամ մտածում էինք թռուցիկներ բաժանել, մատնացույց անել, թե Երևանում ուր չի կարելի գնալ, որ դա պատկանում է Սերժին, իր բարեկամներին, բայց եթե դա էլ անենք, զբոսաշրջիկը Երևանում գնալու տեղ չի ունենա, պիտի գնա գյուղեր:

  • Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան
  • Հյուր` Շանթ Ոսկերիչյան

Աղբյուր՝ http://www.1in.am/2142663.html



Աղբյուրը: Եթե չպայքարենք, ազգովի մեռած ենք. Սփյուռքը միանում է Փոստանջյանի ազգային դիմադրության շարժմանը

Մասին Armenian Renaissance - Los Angeles Chapter

Կարդացեք նաև

Ոստիկանակությունն և փաստաբանը իրենց համատեղ հանցավոր շոուի ընթացքում «հայտնաբերել» են ինձ համար «Պապա»..

Լուսանկարում Նարեկ Մալյանն է և փաստաբան Սուսաննա Սարգսյանը Իմ ու ընտանիքիս դեմ արդեն 10 …