Երեքշաբթի , Մայիսի 23 2017
Սկիզբ / Մամուլի տեսություն / Կարեն Կարապետյանի հակահարվածը…

Կարեն Կարապետյանի հակահարվածը…

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադարձել է գազալցակայանների խնդրին, հայտարարելով, որ դրանց տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը և մատուցվո

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադարձել է գազալցակայանների խնդրին, հայտարարելով, որ դրանց տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը և մատուցվող ծառայությունների որակը գնահատում է խիստ անբավարար:

Նա Ներդրումների եւ տնտեսական զարգացման նախարարությանը հանձնարարել է մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկներ՝ հարցը լուծելու վերաբերյալ: Գազալցակայաններում պարբերաբար հնչող պայթյունները, որոնց արդյունքում մարդկային զոհեր են եղել, նույնպես վարչապետի ուշադրությանն արժանացան: Այն, որ ոլորտում խնդիրները բազմաթիվ են, որևէ մեկի համար նորություն չէ: Թիվ մեկ խնդիրը գազաբալոնների տեղադրման խնդիրն է: Դրանք լինում են անորակ, փորձաքննության չեն ենթարկվում, վարորդներն էլ նշում են, որ չկա վերահսկող մարմին, որ իրենց պարտադրի: էկոնոմիկայի նախարարությունը վեց ընկերությունների լիցենզավորել էր, որպեսզի իրականացնեն փորձաքննություն, բայց հաճախ վարորդները զարմանում են, որ բալոնները փորձաքննություն պիտի անցնեն: Ավելին, կան մարդիկ, ովքեր 5000-6000 դրամով այդ փորձաքննության թուղթը պարզապես գրում են: Այնպես որ, մեղավոր են ինչպես գազալցակայանների աշխատակիցները, այնպես էլ թույլ վերահսկողությունը:

Մինչև այժմ որևէ պետական չինովնիկ այսքան պատահարների համար պատասխանատվության չենթարկվեց, մինչդեռ գացալցակայաններում հակահրդեհային թերություններ կային, տարածքում կար սննդի կետ, որը չի թույլատրվում, միևնույն կետում լիցքավորվում է երկու մեքենա, որը նույնպես արգելված է, և սա ոչ ոք չի վերահսկում: Այս բոլոր խնդիրները պետք է շուտափույթ լուծում ստանան, սակայն ինչու է վարչապետը նոր անդրադառնում այդ հարցին՝ հատկապես ընթացող ներքաղաքական գործընթացների ֆոնին:

Գազալցակայանների հիմնախնդիրը համակարգային է, ինչը բնորոշ է մեծ եկամտաբերություն ունեցող բոլոր ոլորտներին: Հետևաբար, ներիշխանական կուլիսներում ընթացող խուլ պայքարի համատեքստում վարչապետի նման անդրադարձը ստանում է բավական լատենտ տնտեսական-քաղաքական երանգավորում, ինչն ամբողջությամբ տեղավորվում է քաղաքական վերադասավորումների և 2018-ին ընդառաջ՝ ստատուս-քվոյի փոփոխման տրամաբանության մեջ: Չպետք է մոռանալ, որ գազալցակայանների բիզնեսում բավական մեծ ներգրավվածություն ունեն իշխանության տարբեր հայտնի, օդիոզ կերպարներ: Ըստ այդմ, տեխնիկական կանոնակարգման նախաձեռնությամբ՝ վարչապետը փաստացի շոշափում է այդ մարդկանց տնտեսական շահերը:

Կարեն Կարապետյանը պարզապես ստիպված է այդպես վարվել, քանի որ Հայաստանում իշխանության համար պայքարը տարվում է միայն և միայն տնտեսական շահերի բախման խաչմերուկում: Այս պարագայում վարչապետը երկու ընտրություն ունի. կամ պետք է կենտրոնացնի իր վրա տնտեսական շահերը, կամ պայքարի երկրի տնտեսությունը իրապես լիբերալիզացնելու համար: Վարչապետը որոշում պետք է կայացնի, քանի որ ժամանակն անցնում է, իսկ Սերժ Սարգսյանի համար Կարապետյանի առաքելությունը սպառված է. գործող նախագահին պետք էր ոչ թե բարեփոխված, այլ վերահսկելի համակարգ, որը նա արդեն ունի: Եթե ոմանց թվում է, որ Կարեն Կարապետյանի՝ առաջիկա օրերին սպասվող հրաժարականն ու վերանշանակումը միայն ֆորմալ, ձևական նշանակություն ունեն, սխալվում են, որովհետև այդ ֆորմալության ֆոնին էապես փոխվում է գործող վարչապետի քաղաքական կարգավիճակը, նրա նշանակությունը՝ համակարգի ու առաջին հերթին՝ Սերժ Սարգսյանի համար:

Իհարկե, չի բացառվում, որ մինչև 2018 թվականը Սերժ Սարգսյանը հանգամանքների բերումով հայտարարի վարչապետի պաշտոնին չհավակնելու մասին, քանի որ այստեղ, իհարկե, նրա ցանկությունից բացի՝ շատ բան կախված է ներքին, ու, առավել ևս՝ արտաքին մի շարք գործոններից: Սակայն առայժմ Սերժ Սարգսյանն արդեն երկու անգամ պատասխանելով վարչապետ լինել-չլինելու մասին հարցին, ասել է, թե՝ դեպի կառավարություն տանող դուռը թողել է բաց՝ 2015-ի դեկտեմբերին և 2016-ին: Իսկ դա նշանակում է, որ քանի դեռ Սարգսյանն իր համար այդ դուռը թողել է բաց՝ անկախ որևէ պատճառից, նա, փաստորեն, բաց է թողել նաև Կարապետյանի հեռանալու դուռը:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ



Աղբյուր — Կարեն Կարապետյանի հակահարվածը…

Մասին Lurer.com

Կարդացեք նաև

Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով